National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
28.03.2023
Ադրբեջանը հատել է ԼՂ շփման գիծը, շարունակել է թիրախավորել խաղաղ բնակիչներին. Թագուհի Թովմասյանը հրատապ գրություններ է ուղարկել միջազգային բոլոր գործընկերներին
1 / 1

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հիշեցրել է, որ մարտի 26-ին` ժամը 10:00-ի սահմաններում, Արցախի Մարտունու շրջանի «Խզազեն տակ» կոչվող տեղամասի խաղողի այգում էտման եւ մաքրման աշխատանքներ կատարելիս, հակառակորդի դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ են արձակվել Սոս գյուղի բնակիչներ Ռազմիկ Հարությունյանի եւ Երվանդ Բալայանի ուղղությամբ:

Նույն օրը` ժամը 11:00-ի սահմաններում, Թաղավարդ գյուղի բնակիչներ Վովա Խաչատրյանը եւ Ռուբեն Ալավերդյանը, «Շեխերի երես» կոչվող տեղամասի ցորենի դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հայտնվել են ադրբեջանցի զինծառայողների կրակոցների թիրախում: Հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր զինատեսակներով անկանոն կրակոցներ են արձակվել Արցախի քաղաքացիների ուղղությամբ: Դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:

Նույն օրը` ժամը 11:30-ի սահմաններում, Մարտակերտ քաղաքի վարչական տարածքում Ալյոշա Զաքարյանին պատկանող նռան այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս եւս ադրբեջանական մարտական դիրքերից բանվորների ուղղությամբ հրաձգային զինատեսակներից անկանոն կրակոցներ են արձակվել:

Մարտի 25-ին Ադրբեջանը հատել է Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի հետ շփման գիծը եւ որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Լեռնային Ղարաբաղի տարածքում` Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի ուղղությամբ:

Մարտի 27-ին` ժամը 9:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումը կրկին փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ: Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ վերոնշյալ գործողություններով Ադրբեջանը փորձում է խզել միակ կապը Ստեփանակերտի եւ Շուշիի շրջանի մի շարք գյուղերի միջեւ, իսկ թիրախավորելով խաղաղ բնակիչներին, խաթարում է Արցախի ժողովրդի կյանքի, նրանց խաղաղ գոյակցության իրավունքը, փորձում ստեղծել վախի մթնոլորտ:

Պատգամավորն ընդգծել է, որ Ադրբեջանը, անտեսելով Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, միջազգային մարդասիրական իրավունքի կարեւորագույն դրույթները, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, մարտահրավեր է նետում ամբողջ միջազգային իրավակարգին:

Հաշվի առնելով վերոգրյալը` Թագուհի Թովմասյանը հրատապ գրություններ է ուղարկել միջազգային գործընկերներին` խնդրելով իրենց մանդատի ամբողջ ուժով գործադրել միջնորդական ջանքեր` ուղղված Բերձորի միջանցքի անհապաղ ապաշրջափակմանն ու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության զսպմանը: Միաժամանակ խնդրել է հանդես գալ հրապարակային քննադատական հայտարարությամբ` ուղղված Ադրբեջանի հանցավոր վարքագծին:
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am